
363 դիտում
Հիշե՛ք զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար․ Միայն 2026 թվականին Մուրացան հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերի 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը մինչև 18 տարեկան բնակչության շրջանում
Քիմիական թունավորումները երեխաների շրջանում շարունակում են մնալ հանրային առողջապահական առաջնահերթությունների շարքում, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ երեխայի առողջական խնդրով, այլ լուրջ բեռ են պետության համար: Թունավորված երեխաները պահանջում են թանկարժեք վերակենդանացման ծառայություններ, երկարատև հոսպիտալացում և երբեմն վիրահատական միջամտություններ (օրինակ՝ կերակրափողի քիմիական այրվածքների դեպքում): Որոշ քիմիական նյութեր (կապար, ծանր մետաղներ խաղալիքների մեջ, թթուներ) կարող են թողնել մնացորդային ծանր հետևանքներ՝ նյարդային համակարգի խանգարումներ, կերակրափողի նեղացում և ներքին օրգանների անդառնալի վնասում: Շատ քիմիական նյութեր վաճառվում են վառ, գրավիչ գույներով և չունեն «երեխաներից պաշտպանող» հատուկ կափարիչներ: Բացի այդ, ծնողները հաճախ ժավելը կամ ացետոնը լցնում են հյութի կամ ջրի շշերի մեջ, ինչը սխալ է:
Միայն 2026 թվականին Մուրացան համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերի 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:
Ացետոնը քիմիական նյութ է, որն օգտագործվում է որպես լուծիչ՝ եղունգների լաքը հեռացնող միջոցներում, ներկերի, սոսինձների և որոշ կենցաղային ու արդյունաբերական արտադրանքների մեջ։ Այն անգույն, հեշտ գոլորշիացող և սուր հոտ ունեցող հեղուկ է։ Չնայած կենցաղում լայն կիրառությանը՝ ացետոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես երեխաների համար։ Ացետոնից թունավորումը կարող է առաջանալ՝
• ացետոն պարունակող հեղուկը պատահաբար խմելու դեպքում,
• մեծ քանակությամբ գոլորշիներ շնչելու դեպքում,
• մաշկի կամ աչքերի հետ երկարատև շփման արդյունքում,
• փակ և վատ օդափոխվող տարածքներում աշխատելիս։
Երեխաները հատկապես խոցելի են, քանի որ կարող են շփոթել հեղուկը ջրի կամ այլ խմիչքի հետ։
Թունավորման նշանները կախված են ներթափանցած նյութի քանակից և ազդեցության տևողությունից։ Հիմնական ախտանշաններն են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, աչքերի, քթի և կոկորդի գրգռում։ Այս ախտանշանները ի հատ են գալիս թեթև և միջին ծանրության թունավորման դեպքում:
Եթե երեխան կամ մեծահասակը խմել է ացետոն
• Անմիջապես դադարեցրեք նյութի հետ հետագա շփումը։
• Տուժածին տվեք փոքր քանակությամբ ջուր, եթե նա գիտակից է և կարող է կուլ տալ։
• Չի թույլատրվում ինքնուրույն փսխում առաջացնել։
• Անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության կամ բժշկական կազմակերպություն:
Եթե տեղի է ունեցել գոլորշիների ներշնչում
• Տուժածին տեղափոխեք մաքուր օդ։
• Թուլացրեք սեղմող հագուստը։
• Հետևեք շնչառությանը։
• Եթե շնչառությունը դժվարացած է կամ տուժածը կորցնում է գիտակցությունը, անհապաղ կանչեք շտապ օգնություն։
Եթե ացետոնը հայտնվել է աչքերում
• Աչքերը լվացեք առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։
• Դիմեք բժշկի, նույնիսկ եթե գրգռումը նվազել է։
Եթե ացետոնը հայտնվել է մաշկին
• Հանեք աղտոտված հագուստը։
• Մաշկը լվացեք օճառով և մեծ քանակությամբ ջրով։
Ինչպե՞ս կանխարգելել թունավորումը
Ծնողները կարող են զգալիորեն նվազեցնել վտանգը՝
• ացետոն և այլ քիմիական նյութեր պահել երեխաների համար անհասանելի վայրերում,
• նյութերը պահելով միայն իրենց բնօրինակ տարաներում` մակնշված
• երբեք չլցնելով դրանք ջրի կամ ըմպելիքի շշերի մեջ,
• օգտագործելուց հետո տարաները ամուր փակել,
• աշխատելիս ապահովել լավ օդափոխություն,
• երեխաներին վաղ տարիքից սովորեցնել չդիպչել և չօգտագործել անհայտ հեղուկներ։
Հիշե՛ք
Ացետոնից թունավորումը կանխարգելելի դեպք է։ Քիմիական նյութերի անվտանգ պահպանումը և դրանց հետ ճիշտ վարվելը կարող են կանխել լուրջ առողջական հետևանքները, հատկապես երեխաների շրջանում։ Եթե կասկածում եք թունավորման որևէ դեպքի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկական օգնության։
Զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար։